Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցին նուիրուած արարողութիւն Հռոմի «Հայոց ցեղասպանութիւն» այգում
Ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցի, 2025թ. ապրիլի 29-ին Հռոմի «Հայոց ցեղասպանութիւն» այգում տեղի ունեցաւ մարդկութեան դէմ առաջին ոճրագործութեան անմեղ զոհերի ոգեկոչման արարողութիւն՝ նախաձեռնութեամբ Հռոմի հայ համայնքի խորհրդի և համագործակցութեամբ Հռոմի քաղաքապետարանի և Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանութիւնների:
«Աուգուստո Լորենցինի» հրապարակի հարակից այգին՝ Հռոմի քաղաքապետարանի կողմից 15 տարի առաջ անուանակոչուած «Հայոց ցեղասպանութեան» այգի, Հայ համայնքի Խորհրդի ջանքերով տարբեր անգամներ համախմբել է Իտալիայի մայրաքաղաքի քաղաքական և քաղաքացիական հասարակութիւնը՝ յարգանքի տուրք է մատուցել Հայոց Մեծ Եղեռնի նահատակներին:
Երեկ կայացած միջոցառումը մեկնարկեց ժամը 19:15-ին՝ Իտալիայի և Հայաստանի օրհներգերով, որին յաջորդեցին Հայ առաքելական և կաթողիկէ եկեղեցու ներկայացուցիչների հոգեհանգստեան աղօթքը և Հռոմի Հայ համայնքի ներկայացուցչի բացման խօսքը: Ապա ելոյթներով հանդէս եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կրապաետյանը, Հռոմի Քաղաքապետի ներկայացուցիչ Ֆեդերիկո Ռոկկան, Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի ներկայացուցիչ, պատգամաւոր Անդրեա Կազուն, նախկին եվրախորհրդրարանական Մասսիմո Կաստալդոն:
Բանախօսների կողմից մասնաւորապէս շեշտուեց.
- Պատմական յիշողութեան կարևորութիւնը՝ մարդկութեան դէմ գործած ոճիրները կանխելու նպատակով՝ յիշատակելով Ֆրանչիսկոս Պապի խօսքերը Սուրբ Պետրոս Տաճարում տասը տարի առաջ, ով խօսելով Հայոց Ցեղասպանութեան մասին ասել էր. «...որտեղ յիշողութիւն չկայ, դա նշանակում է, որ չարը դեռևս բաց է պահում վէրքը. չարիքը թաքցնելը կամ ժխտելը նման է վէրքը շարունակաբար արիւնահոս ելուն՝ առանց այն բուժելու»։
- 2023 թուականին Լեռնային Ղարաբաղի աւելի քան 120,000 հայերի ամիսներ տևած պաշարումը և դրան յաջորդած հայերի էթնիկ զտումը հազարամեակներ շարունակ բնակեցուած իրենց մայրենի հողից, ինչպէս նաև Արցախի առաջնորդների և այլ ռազմագերիների դեռևս բանտերում գտնուելը:
- Արդար խաղաղութեան կարևորութիւնը, որ տուեալ դէպքում նշանակում է արցախահայութեան վերադարձ ստիպողաբար լքած սեփական հայրենիք:
- Դատապարտուեց Հայ եկեղեցու և նրա կրօնական ու մշակութային ժառանգութեան դէմ պատմական խեղաթիւրման փորձերը և հազարամեայ հայկական եկեղեցիների ու յուշարձանների ոչնչացումը և ապականումը՝ ջնջելու համար հայ քրիստոնէութեանը վերաբերող ամեն հետք:
- Խօսուեց լռութեան և անտարբերութեան վտանգների մասին: Շահերն ու յարմարաւէտութիւնը ՝ ի վնաս այնպիսի արժէքների, ինչպիսիք են ազատութիւնը, հաւասարութիւնը, եղբայրութիւնը, նախընտրելու մասին։
- Երախտագիտութիւն յայտնուեց բոլոր այն երկրներին և մասնաւորապէս Իտալիային և մայրաքաղաք Հռոմին, որոնք իրենց մունետիկութիւնն ու համերաշխութիւնը հայ ժողովրդին և ճանաչել և դատապարտել են 1915 թուականին տեղի ունեցածը:
Ոգեկոչման արարողութեանը ներկայ էր նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը: Միջոցառմանը մասնակցեցին բաց այդ Քահանայապետական Լևոնեան հայ վարժարանի ռեկտոր Խաչիկ Գույումջեանը՝ վարժարանի սաների հետ միասին, Պսակ աբեղայ Թեփիրճեանը, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ Աթանաս Մանվել Սարգսեանը, իտալացի խորհրդարանականներ, Իտաիայում և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութիւնների անձնակազմերը, հայ համայնքի ներկայացուցիչներ, իտալացիներ:
Արարողութիւնն աւարտուեց` Հայոց Ցեղասպանութեան նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյեանի նուիրուած շարականով ու այգու «Հայոց ցեղասպանութեան» յուշատախտակի տակ ծաղկեպսակների զետեղումով և հայ զոհերի յիշատակին նուիրուած մէկ րոպէ լռութեամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ