2025.04.28 Manoscritto Papa Francesco inviato all'ambasciatore armeno presso la santa sede

Այն ինչ արել էք հայերիս համար՝ երբեք չի մոռացուի. Միքայէլ Մինասեանը՝ Հռոմի Պապի մասին

Սուրբ Աթոռում մօտ ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը գրառում է կատարել Հռոմի Պապի մասին:
Ունկնդրէ լուրը

«Այո, Ձերդ Սրբութիւն, ծիրանը մենք համարում ենք հայկական միրգ։ Յիշու՞մ Էք, մեր ծանօթութեան առաջին հանդիպումներին, երբ զրոյցը երկարում էր, պաշտօնականից դառնում անմիջական, Ձեզ պատմեցի, որ դուդուկը պէտք է պատրաստուած լինի ծիրանի փայտից։ Դուք հարցրիք ինչո՞ւ, որ ձայնը լինի քա՞ղցր։ Պատասխանեցի՝ ոչ, հաւանաբար այդ փայտն է դուդուկի հնչիւնը ամենամօտը դարձնում մարդկային ձայնին։ Ինձ ընդհատեցիք նկատելով, թէ՝ ոչ, պէտք է քաղցր հնչի, մեր կեանքն առանց այդ էլ դառն է, այն պէտք է միշտ քաղցրացնել։

Այդ երկխօսութիւնը յիշեցի 2015 թուականի պատմական պատարագի ժամանակ, երբ Սուրբ Պետրոսում հնչում էր հայկական դուդուկը։ Ես եղել եմ բազմաթիւ պատարագների, բայց միայն այնտեղ, Ձեր կամքով և որոշումով ծէսում յատուկ ընդգրկուեց և պատարագի ժամանակ հնչեց ծիրանածոր հայկական դուդուկը։ Ծիրանի պէս քաղցր։

Երբ ծրագրում էինք Ձեր այցը Հայաստան՝ որպէս Ուխտագնացութիւն առաջին քրիստոնեայ երկիր, նկատեցի, որ ժամկէտը համընկնում է ծիրանի նոր բերքի հետ, որը կարող էք համտեսել։ Այդ երկու օրերի ընթացքում, որ անցկացրիք Հայաստանում, երեխայի Ձեր ժպիտով, անընդհատ ծիրան էիք փորձում, հայեացքով ինձ փնտրում էիք և ցոյց տալիս ծիրանի մի կէսը։

Իսկ ես ամէն անգամ յիշում էի, որ չնայած բոլոր ճնշումներին Հայաստան չգնալ, իսկ եթէ գնալ, ապա այցը դարձնել ռեգիոնալ և միացնել Վրաստանն ու Ադրբեջանը, դուք պնդեցիք. պէտք է գնալ Հայաստան, ոչ առաքելական այցով, այլ որպէս ուխտագնաց, որպէս հայ ժողովրդի եղբայր և գիշերել։ Եւ ժպիտով աւելացրիք. մնանք 2 օր, որ նաև շատ ծիրան ուտենք։

Մէկ տարի անց, ի յիշատակ Ձեր այցի, Ձեզ ուղարկեցի Հայաստանից բերուած մի զամբիւղ ծիրան։ Դուք շնորհակալութիւն յայտնեցիք նամակով։ Յուզուեցի, երբ տեսայ, որ գրել էք անձամբ։ Ե՛վ նամակը, և՛ նոյնիսկ ծրարի վրայի հասցէն։

Նամակում խօսում էիք քաղցրութեան մասին, որ ծիրանի համը յիշեցրեց Ձեր քաղցր օրերը Հայաստանում։ Այդ յուշերն ու ծիրանահամը դուք վերադարձնում էիք նոյն ջերմութեամբ դէպի Հայաստան և դէպի ինձ։

Նամակի վերջում խնդրել էիք, որ աղօթելիս Ձեզ չմոռանամ։ Երբեք չեմ մոռանայ։ Աղօթեցի 3 օր առաջ Ձեր կողքը՝ Սուրբ Պետրոսում։ Մենակ չէի աղօթում։ Հարիւր հազարաւոր մարդկանց կողքին, նրանց հետ ու բոլորս՝ Ձեզ համար։

Վերջին հրաժեշտին էլ յիշեցի Ձեր բառերը քաղցրութեան մասին։ Երևի դրախտում ծիրան աճում է։ Չէ որ ըստ լեգենդի, միակ միրգը, որը Նոյը գաղտնի անցկացրել է տապան, եղել է ծիրանը։ Արարատից իջնելիս այն տնկուեց Հայկական լեռնաշխարհում։

Ձեր դերը հաւատաւոր աշխարհում անուրանալի է, իսկ հայ ժողովրդի համար՝ պատմական։ Այն ինչ արել էք հայերիս համար՝ երբեք չի մոռացուի։

Ձեր հռչակած միակ տիեզերական վարդապետն ամենամեծ հայերից էր՝ Նարեկացին։ Ընդամէնը մէկը՝ 36-ից։ Միակ հայը։ Միակ արձանը, որի վրայ կա Ձեր անունը, նոյնպէս Նարեկացունն է, որը Վատիկանի այգիներում կանգնեցուեց Ձեր կամքով:

Վատիկանեան թանգարանների միակ հայկական նմուշը՝ խաչքարը, հենց Ձեր օրօք տեղադրուեց։ Իսկ հայկական ծիրանից պատրաստուած դուդուկը հնչեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի պատարագի ժամանակ՝ նորից Ձեր կամքով։ Այդ պատարագին էլ խորանից դուք խօսեցիք 20-րդ դարի առաջին՝ հայերի ցեղասպանութեան մասին։

Ձեր օրօք և թոյլտուութեամբ հրապարակուեցին Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Վատիկանի գաղտնի արխիւները՝ մի քանի հատորով։

Դուք արել էք աւելին, քան հնարաւոր էր։ Այդ պատճառով էլ բոլոր ժամանակների ամենահայասեր Հռոմի պապերից էք, ով յարգեց և սիրեց հայ ժողովրդին և որոշեց իր քաղցր ժպիտով, սիրով ու հոգատարութեամբ, անկեղծ մղումներով, հոգով ու սրտով բուժել հայ ժողովրդի արնահոսող վէրքերը։ Հայ ժողովրդի շնորհակալ որդիները, համոզուած եմ, Ձեզ երբեք չեն մոռանայ։

Այն, ինչ չի մոռացւում, դառնում է պատմութիւն։ Պատմութիւն դարձաք նաև Դուք։

Երբեք չեմ մոռանայ աղօթել Ձեզ համար, ինչպէս խնդրել էիք նամակում։

Քաղցրութեամբ՝ Միքայէլ Մինասեան»:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/04/2025, 09:48