Որոնել

2025.04.15 Raduno di giovani armeni nell'anno giubilare della speranza

Յոյսը՝ երիտասարդների սրտերում. ուխտագնացութիւն և ընդհանուր երիտասարդական հանդիպում՝ Գիւմրիում

«Յիսուսը սիրում է ձեզ Իր Սուրբ Խորանից, երբ գալիս է ձեր սրտերի մէջ»

Հետևելով Յոյսի Յոբելենական տարուայ համար նախապէս կազմուած ծրագրին՝ Ծաղկազարդի տօնի և Երիտասարդական համաշխարհային օրուայ առթիւ, 2025թ. ապրիլի 12-ին Հայ Կաթողիկէ Առաջնորդութիւնը և Անարատ Յղութեան հայ միաբան քոյրերը կազմակերպեցին երիտասարդական ընդհանուր ուխտագնացութիւն՝ Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճար և ապա՝ միասնական հանդիպում քոյրերի Տիրամայր Հայաստանի կենտրոնում: Մասնակցեցին շուրջ 300 երիտասարդներ՝ Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից՝ իրենց հոգևոր հովիւների հետ միասին: Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում ի կատար ածուեց Սուրբ Դռան բացման հոգեպարար արարողութիւնը՝ հանդիսապետութեամբ Առաջնորդ Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանի: Ընթերցուեցին հատուածներ Աւետարանից և Պօղոս առաքեալի Հռոմէացիներին ուղղուած նամակից, որտեղից Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապը վերցրել է իր կոնդակի բնաբանը՝ «Յոյսը երբեք չի ամաչեցնում…», Հռմ. 5:5: Տաճարի ներսում հնչեց ապաշխարութեան միասնական աղօթքը, ապա՝ «Հրաշափառ» շարականով սկսուեց հանդիսաւոր Սուրբ Պատարագը, որը մատուցանեց Առաջնորդ Հայրը՝ առընթերակայութեամբ՝ Հայաստանի Աւագերեց Գերպ. Հ. Ներսէս Վրդ. Գալստեանի և Հեշտիայի ժողովրդապետ Արժ. Տ. Անտոն Քհն. Անտոնեանի, համապատարագութեամբ միւս արժանապատիւ քահանաների, ովքեր առաջնորդում էին իրենց երիտասարդական խմբերի ուխտագնացութիւնը: Սրբազան արարողութեան ընթացքում երիտասարդները նաև առիթն ունեցան ընդունելու Ապաշխարութեան Սուրբ Խորհուրդը:

Իր հայրական քարոզում Սրբազանը երիտասարդների ուշադրութիւնը հրաւիրեց Տիրոջ երկու աւետարանական պատմութիւնների վրայ՝ Ղազարոսի յարութիւնը և Յիսուսի երկխօսութիւնը մի հարուստ երիտասարդի հետ, որոնք Սրբազանը նկատեց իմաստային փոխկապուածութեան մէջ: Մեռած Ղազարոսը յարութիւն առաւ Յիսուսի խօսքերով. երբ Տէրը մօտեցաւ նրա գերեզմանին, Ղազարոսն արդեն չորս օրուայ մեռած էր, բայց Տէրը նրան ձայն տուեց այնպէս, կարծես ողջ լիներ. «Դու՛րս արի», և Ղազարոսը լսեց նրան ու վերակենդանացաւ: Իսկ հարուստ երիտասարդը չկարողացաւ իր հոգևոր մեռած վիճակից դուրս գալ և առաւել վատ վիճակում յայտնուեց, երբ Տէրը նրան խնդրեց վաճառել իր ունեցածը և հետևել Իրեն: Նա չկարողացաւ հասնել այն իտէալին, որը դրեց նրա առջև Տէրը. չկարողացաւ հրաժարուել իր ունեցածից՝ յանուն Յիսուսի, այլ կառչած մնաց իր սեփականություններից: Սրբազանը հարց ուղղեց, թե ինչպէ՞ս կվարուեր այսօրուայ երիտասարդը, եթէ Տէրը նոյն հարցն իրեն ուղղեր իր կեանքի պարագաների մէջ. Ղազարոսի նման դուրս կգա՞ր իր մեռած վիճակից, թէ կնմաներ այն մէկին, որ չուզեց հրաժարուել իր կաղապարուածութիւներից: Թերևս, այսօր շատ են այդ հարուստի նման երիտասարդները:

«Բայց Յիսուսը սիրում է ձեզ Իր Սուրբ Խորանից, երբ գալիս է ձեր սրտերի մէջ: Երբ Տէրը նայում է ձեր աչքերի մէջ, ինչպէս նայեց այն երիտասարդին, դա աշխարհի մեծագու՛յն երջանկութիւնն է, մեծագոյն ուրախութիւնն է, մեծագոյն յաջողութիւնն է: Գուցէ, ինչ-որ բան պակասում է ձեր կեանքում, ուրեմն, մի՛ վախեցէք ամբողջացնել ձեր կեանքը՝ ինչպէս ուզում է Տէրը». ասաց Սրբազանը:

Պետրոս առաքեալին էլ այդ հարցը յուզում էր. ի՞նչ կստանանք մենք, որ ամեն ինչ թողեցինք ու եկանք քո ետևից: Յիսուսը նրան պատասխանում է, թէ ով թողել է ամեն ինչ, կունենայ հարիւրապատիկը՝ արդեն այս կեանքում և յաւիտենական կեանքը՝ ապագայում: Սրբազանը կոչ արեց երիտասարդներին չվախենալ հետևել Քրիստոսի կանչին և համարձակ քայլեր անել:

Սուրբ Պատարագից յետոյ բոլոր ուխտաւորները ժողովուեցին Տիրամայր Հայաստանի կենտրոնում, որտեղ նախ բաժանուեցին խմբերի՝ պատրաստելու համար իրենց յուզող հարցերը, որոնք պէտք է ուղղէին Սրբազան Հորը: Խմբային աշխատանքից յետոյ քոյրերը հիւրասիրեցին ուխտաւորներին իրենց խոհարարական դպրոցի սաների պատրաստած կերակուրներով և ըմպելիքներով, որից յետոյ օրակարգը շարունակուեց Սրբազան Հօր և երիտասարդների միջև տեղի ունեցող հարցուպատասխանով: Երիտասարդներին յուզող հարցերից էին, օրինակ՝

-տառապանքի իմաստը, մանաւանդ, երբ առերեսւում ես անմեղ մանուկների տառապանքին, ինչպէ՞ս հասկանալ,

-ինչպէ՞ս կողմնորոշուել արդի աշխարհում, որտեղ արժէքները անընդհատ փոփոխւում են, ո՞րն է կողմնորոշիչը և այլն:

Երիտասարդներին հետաքրքրում էր նաև Սրբազան Հոր քահանայական կոչման պատմութիւնը: Սրբազանը ջանաց բաւարարել բոլորին յուզող հարցերին, որից յետոյ հաւատքի վկայութեան համար խօսք տրուեց Գիւմրիի երիտասարդական միութեան անդամ, պարալիմպիկ ծանրորդ, մասնագիտութեամբ հոգեբան և Հայկական Կարիտասի աշխատակից Արթուր Գալստյանին: Այս երիտասարդը, չնայած ի ծնէ հաշմանդամութեանը, կարողացել է յաղթահարել բազմաթիւ սոցիալական, հոգեբանական և կրթական դժուարութիւններ՝ ի հզօր կամքի և, յատկապէս, հաւատքի շնորհիւ: Նա պատմեց իր հաւատքի ճանապարհի մասին, որ սկսել է նախ «Հաւատ և լոյս» կազմակերպութեան կամաւորների շնորհիւ և Հայ Կաթողիկէ Եկեղեցում իր մկրտութեամբ, և անցել է Տիրոջ հետ միասին՝ նոյն Եկեղեցում, հասել լուրջ յաջողութիւնների կրթութեան մէջ, սպորտում և այսօր արդեն աշխատանքում՝ դառնալով մի մասը Եկեղեցու սոցիալական առաքելութեան, և ոգևորում է հարիւրաւոր երիտասարդների՝ երբեք չյուսալքուել և միշտ վստահել Տիրոջը, քանի որ, ինչպէս ինքն է ասում, Տէրը գիտի հնարաւոր միլիարդարւոր տարբերակներից ընտրել իւրաքանչիւրիս եզակի անձի համար միակ լաւագոյն վիճակն ու ապագան: Արթուրի ելոյթը խորապէս քաջալերող էր և յուզիչ:

Արթուր Գալստյանից յետոյ, ըստ ծրագրի, երիտասարդները հանդէս եկան իրենց խօսքով՝ պատմելով իրենց համայնքներում իրականացրած երիտասարդական գործունութեան մասին, մանաւանդ, այն տրամաբանութեամբ, թէ ինչպէս է յոյսը արտայայտւում իրենց առաքելութեան մէջ և թէ ինչպէս են իրե՛նք ընկալում յոյսի մասին պապական կոնդակը: Երիտասարդները նաև հանդէս եկան համերգային և պարային տպաւորիչ ելոյթներով: Յագեցած օրն աւարտուեց շնորհակալական խօսքերով, որոնք հնչեցին միջոցառումը վարող Գրպ. Հ. Ներսէս Վրդ. Գալստյանի, Անարատ յղութեան Հայաստանի քոյրերի մեծաւորուհի ք. Նարինե Սիմոնյանի և, իհարկէ, Առաջնորդ Հոր շուրթերից, ում օրհնութեամբ իր եզրափակմանը հասաւ Յոյսին նուիրուած այս միասնական ուխտագնացութիւնը և 2025-ի առաջին մեծ երիտասարդական հանդիպումը:

 

Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց

14 ապրիլի, 2025թ.

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/04/2025, 09:00