Յոյսի թեմայով հոգևոր կրթութեան օրեր՝ հայ կաթողիկէ համայնքներում
Ն.Ս. Ֆրանչիսկոս Պապի կողմից հռչակուած «Յոյսի» յոբելենական տարուայ խորհուրդով ներշնչուած՝ Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանն այս տարուայ սկզբին հայրական կոչ ուղղեց Առաջնորդութեան համայնքներում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականներին և հաւատաւոր ժողովրդին՝ հոգևոր ձեռնարկներ կազմակերպել՝ Յոյսի առաքինութեան քրիստոնէական ապրումը խթանելու նպատակով: Իւրաքանչիւր հայ կաթողիկէ ժողովրդապետութիւն կազմել է իր ձեռնարկների մանրամասն ծրագիրը, որով առաջնորդուելով՝ համայնքներում կազմակերպւում են տարբեր աղօթական և խորհրդածական միջոցառումներ: Մեծի Պահոց օրերին համայնքներում հոգևոր հայրերը կազմակերպել են Յոյսի թեմայով հոգևոր կրթութեան օրեր կամ խորհրդածութեան պահեր՝ Ճանապարհ Խաչի ջերմեռանդական աղօթքներից յետոյ, ինչպէս օրինակ՝ Երևանում, Աշոցքի համայնքներում, Գիւմրիում, Լանջիկում, Ռուսաստանի Վենյովում և այլուր: Ընթերցուել են հատուածներ Ն. Ս. Ֆրանչիսկոս Պապի «Յոյսը երբեք չի ամաչեցնում» խորագրով պապական կոնդակից, տրուել են մեկնաբանութիւններ, տեղի են ունեցել քննարկումներ:
Յիշեցնեմ, որ «Յոյսը երբեք չի ամաչեցնում» կոնդակով Ն.Ս. Ֆրանչիսկոս Պապը հռչակեց Յոյսի Յոբելենականն տարին: Այդ կոնդակում Քահանայապետը կոչ է անում կաթողիկէ բոլոր հաւատացեալներին ի սփիւռս ամբողջ աշխարհի այս տարի յատուկ ուշադրութիւն դարձնել Յոյսի մասին խորհրդածութեանը և ամենուր կազմակերպել հոգևոր ձեռնարկներ՝ Յոյսի ընկալումը և ապրումը խորացնելու համար, մանաւանդ, այն վայրերում, որտեղ պատերազմի, աղքատութեան և մարդու իրաւունքների խախտման հետևանքով տարածուած է յուսալքութիւնը, անտարբերութիւնը՝ միմեանց կարիքների հանդէպ, երազանքների բացակայութիւնը երիտասարդների մօտ, ապագայի հանդէպ լայնատեսութեան և վստահութեան անկումը: Պապն իր նամակով կոչ է անում բոլորիս վերստին հաստատուել յոյսի մէջ, որովհետև, ինչպէս Սուրբ Պօղոսն է գրում հռոմէացիներին ուղղուած իր նամակում. «…Աստուծոյ սէրը սփռուած է մեր սրտերում, որ տրուեց մեզ Սուրբ Հոգով», Հռմ. 5:5:
Տ. Յովսէփ Քհն. Գալստեան
Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ