Որոնել

2025.04.14 Robert Kardashian

«Սահմաններից այն կողմ» - Ռոբերտ Քարդաշեան — Հայ փաստաբան Ամերիկայի ուշադրութեան կենտրոնում

Ռոբերտ Քարդաշեանը հեռացաւ կեանքից 2003 թուականին՝ քաղցկեղից։ Բայց նրա կերպարը մնում է իրաւունքի, ընկերութեան, ընտանիքի և հպարտ հայ ինքնութեան խորհրդանիշ։ Նա ապրեց ամուր հաւատով, պատուով և վայելեց այն հազուագիւտ պահը, երբ մի հայ կարող էր աշխարհի ուշադրութիւնը գրաւել՝ ոչ թէ աղմկոտ յայտարարութիւններով, այլ լռութեամբ, խորութեամբ և բարոյական ուժով։
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր մեր հայեացքը դէպի Ամերիկա է՝ դէպի Լոս Անջելես, որտեղ 1990-ականների կէսերին մի անձ յանկարծ յայտնուեց ողջ աշխարհի ուշադրութեան կենտրոնում։ Բայց մինչ այս ամէնը, նա պարզապէս ընտանիքին նուիրուած հայ մարդ էր՝ Ռոբերտ Քարդաշեանը։

Ռոբերտ Քարդաշեանը ծնուել է 1944 թուականին Լոս Անջելեսում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Նրա պապերը եկել էին Ամերիկա՝ փրկուելով Հայոց ցեղասպանութիւնից։ Քարդաշեանների ընտանիքը ամուր էր, հաւատացեալ և միշտ հպարտ իր հայկական արմատներով։

Ռոբերտի մօր՝ Հելեն Քարդաշեանի ազդեցութիւնը շատ խորն էր։ Նա կաթողիկէ հայ էր՝ դաստիարակուած Մեծ Եղեռնից փրկուած սերնդի արժէքներով։ Հելենը իր որդիներին սովորեցնում էր ոչ միայն լինել կրթուած ու կազմակերպուած, այլ՝ խոնարհ, բարեսիրտ ու ամուր հայ ինքնութեամբ։ Նրա հետ մեծացած Ռոբերտը կրեց այդ սկզբունքները ողջ կեանքի ընթացքում՝ թթ իր մասնագիտութեան մէջ, թէ՝ որպէս հայր։

Ռոբերտը սովորել է USC համալսարանում և այնուհետև աւարտել Սան Տիեկոյի իրաւաբանական դպրոցը։ Նա դարձաւ յաջողակ գործարար և իրաւաբան, բայց այն, ինչ նրան հանրայայտ դարձրեց, եղաւ Օ․ ճեյ Սիմփսոնի պատմական դատավարութիւնը։

1994 թուականին՝ երբ ամերիկացի նախկին ֆուտբոլիստ Օ․ Ճեյ Սիմփսոնը մեղադրւում էր կնոջ ու նրա ընկերոջ սպանութեան մէջ, Ռոբերտ Քարդաշեանը, երկար տարիների ընկեր լինելով Սիմփսոնին, դարձաւ նրա իրաւաբանական թիմի առանցքային դէմքերից մէկը։

Քարդաշեանն առանձնացաւ իր լռութեամբ, հաւատարիմ ներկայութեամբ, և փաստաբանի մի բացառիկ կերպարով, որը ոչ միայն օրէնք էր ներկայացնում, այլեւ մարդկային բարոյական կշիռ։ Այդ դատավարութիւնն ուղիղ եթերով դիտեցին միլիոնաւոր մարդիկ։ Ռոբերտ Քարդաշեանի խաղաղ, խորամիտ ու հաւասարակշիռ ներկայութիւնը դարձաւ նրա անուան խորհրդանիշը։

Բայց այն, ինչ շատերը չէին գիտակցում, նրա հայ լինելն էր։ Ռոբերտ Քարդաշեանը հպարտ էր իր ծագումով, յաճախ էր մասնակցում հայկական համայնքային միջոցառումներին, աջակցում հայկական եկեղեցիներին, և իր երեխաներին էլ դաստիարակել էր՝ հայկական արժէքներով։

Նրա ընտանեկան կապը, յատկապէս երեխաների հետ՝ Քիմ, Քլոե, Քորթնի և Ռոբի հետ, ցոյց էր տալիս, թէ որքան կենտրոնացուած էր իր ընտանիքի վրայ։ Նա մշտապէս ասել է, որ իր կեանքի ամենամեծ ձեռքբերումը ընտանիքն է, ոչ թէ դատավարութիւնները կամ ճանաչումը։

Ռոբերտ Քարդաշեանը հեռացաւ կեանքից 2003 թուականին՝ քաղցկեղից։ Բայց նրա կերպարը մնում է իրաւունքի, ընկերութեան, ընտանիքի և հպարտ հայ ինքնութեան խորհրդանիշ։ Նա ապրեց ամուր հաւատով, պատուով և վայելեց այն հազուագիւտ պահը, երբ մի հայ կարող էր աշխարհի ուշադրութիւնը գրաւել՝ ոչ թէ աղմկոտ յայտարարութիւններով, այլ լռութեամբ, խորութեամբ և բարոյական ուժով։

Այսօր Ռոբերտ Քարդաշեանը շատերի յիշողութեան մէջ է որպէս հանրայայտ գործի փաստաբան։ Բայց հայերիս համար՝ նա նախ և առաջ մնում է հպարտ հայրենակից՝ ամերիկեան երազանքը իրապէս ապրած մի հայ մարդ։

Հաղորդաշարը պատրաստեց` Ռուզաննա Պետրոսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/04/2025, 08:00